Union of Banks of Armenia
Ֆինանսական տվյալների փոխանակում՝ միջազգային լավագույն փորձի ներառմամբ

Հայաստանի բանկերի միության նախաձեռնությամբ այսօր կայացավ կլոր սեղան-քննարկում ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկությունների ավտոմատ փոխանակման համակարգի ներդրման վերաբերյալ։
Որպես հատուկ հրավիրված բանախոս հանդես եկավ Grant Thornton Luxembourg-ի Հարկային և ֆինանսական ծառայությունների տնօրեն Ալան Վերբեկենը, ով ներկայացրեց միջազգային լավագույն փորձը, համաշխարհային պահանջները և արդյունավետ հաշվետվողականության համակարգերի ներդրման գործնական օրինակները։ Նա անդրադարձավ նաև ոլորտի առաջատար երկրների հաջողված նախագծերին՝ ներկայացնելով արդի մեթոդներն ու տեխնոլոգիաները, որոնք նպաստում են տեղեկատվության փոխանակման արդյունավետության բարձրացմանը։
Քննարկմանը մասնակցեցին ՀՀ պետական եկամուտների կոմիտեի, Կենտրոնական բանկի, առևտրային բանկերի, ներդրումային ընկերությունների ներկայացուցիչներ, ովքեր անմիջականորեն ներգրավված են տեղեկատվության փոխանակման և գործընթացի ներդրման աշխատանքներում։
Միջոցառման ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան քննարկելու իրենց հուզող հարցերը, բացահայտելու առկա անորոշությունները և ստանալու գործնական խորհուրդներ միջազգային փորձագետից։
Նշենք, որ ՀՀ կողմից ստանձնած պարտավորությունների համաձայն՝ նախատեսվում է ավտոմատ կերպով իրականացնել ոչ ռեզիդենտների՝ ՀՀ-ում գործող ֆինանսական հաստատություններում առկա ֆինանսական հաշիվների մասին տեղեկությունների փոխանակում, որն իրականացվելու է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի» Միասնական հաշվետվողական Ստանդարտին համապատասխան:


