Union of Banks of Armenia
Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալել է բանկային համակարգի ապագա մասնագետներին
Ուսանողության միջազգային օրվա նախօրեին Հայաստանի բանկերի միությունը հյուրընկալել է Երևանի Պետական Հումանիտար Քոլեջի «Բանկային գործ» մասնագիտության 3-րդ կուրսի ուսանողներին և Ալեքսանդր Բլոկի անվան թիվ 122 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներին։
Այցի շրջանակում ուսանողներն ու աշակերտները ծանոթացել են միության գործունեությանը, մասնակցել մասնագիտական կողմնորոշման և վարպետաց դասերին, որոնց ընթացքում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը խոսել է բանկային գործի կարևորության, համակարգում աշխատանքի առավելությունների, ինչպես նաև համակարգի գործունեության մասին։ Անդրադարձ է կատարվել նաև ներկաներին հետաքրքրող հարցերին:
Առանձնակի կարևորելով երիտասարդության ներուժը տնտեսության և մասնավորապես բանկային համակարգի զարգացման գործում` Սեյրան Սարգսյանը շնորհավորել է ներկա և ապագա ուսանողներին Ուսանողության միջազգային օրվա առթիվ՝ մաղթելով հաջողություններ ուսման և հետագա մասնագիտական գործունեության մեջ:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն