Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային գործունեության կիսամյակային արդյունքները

26.08.2022
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է բանկային գործունեության կիսամյակային արդյունքները

ՀՀ բանկային համակարգի 2022թ․ առաջին կիսամյակի ամփոփ ցուցանիշների ներկայացման նպատակով Հայաստանի բանկերի միությունում (ՀԲՄ) այսօր կայացավ հերթական մամլո ասուլիսը՝ ՀԲՄ ղեկավար կազմի մասնակցությամբ:

ՀԻՄՆԱԿԱՆ ՑՈՒՑԱՆԻՇՆԵՐ

  ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանի դիտարկմամբ՝ հաշվետու ժամանակահատվածում հիմնական ցուցանիշների մասով ՀՀ բանկային համակարգում արձանագրվել է աճ։

  Մասնավորապես՝ կապիտալն ավելացել է  23%-ով՝ կազմելով 1 139 մլրդ դրամ, ընդհանուր ակտիվները՝ 2.74%-ով՝ կազմելով 7 239 մլրդ դրամ։ ՀԲՄ գործադիր տնօրենի փոխանցմամբ՝ տարիների ընթացքում բանկային համակարգում կապիտալի և ակտիվների էական, անընդհատ աճը վկայում է համակարգի շարունակական մեծացման և ընդլայնման մասին։

  2022թ-ի առաջին կիսամյակում վարկային ներդրումներն ավելացել են 0.7%-ով՝ կազմելով 3 996 մլրդ դրամ։  Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 44․4%-ը (1 828 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 44․2%-ը՝ (1 818 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 11․4%-ը՝ (466 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները:

  Վարկերի կառուցվածքում աճ գրանցվել է մասնավորապես սպառողական (0.4%), հիպոտեքի (10.3%), շինարարության (4.2%), գյուղատնտեսության (1.6%) վարկերի մասով։ Նվազում գրանցվել է մասնավորապես տրանսպորտի և կապի (20.3%), սպասարկման(8.9%), արդյունաբերության(2.2%) և առևտրի(2%),  ոլորտներում:

 

ԱՎԱՆԴՆԵՐ

  2022թ․-ի առաջին կիսամյակում ընդհանուր ավանդներն ավելացել են շուրջ 47 մլրդ դրամով կամ 1.2%-ով՝ կազմելով 4 072 մլրդ դրամ։ Առաջին կիսամյակի վերջի դրությամբ ավանդների դրամով և արտարժույթով մասնաբաժինները շարունակում են մնալ հավասար (50/50):

  «2022թ-ի առաջին կիսամյակում ռեզիդենտների ավանդները նվազել են շուրջ 17 մլրդ դրամով կամ 0.5%-ով, իսկ առաջին եռամսյակի համեմատ՝ 30 մլրդ դրամով կամ 0.9%-ով: Ոչ ռեզիդենտների ավանդներն ավելացել են շուրջ 65 մլրդ դրամով կամ 7.4%-ով, 31.03.2022թ.-ի համեմատ՝ 120 մլրդ դրամով կամ 14.5%-ով: Ռեզիդենտների ավանդների նվազումը պայմանավորված է նաև դրամի արժևորմամբ՝ արտարժութային ավանդները դրամով արտահայտված նվազել են»,-նշել է Սեյրան Սարգսյանը։

 

ՎԱՐԿԵՐԻ ԵՎ ԱՎԱՆԴՆԵՐԻ ՏՈԿՈՍԱԴՐՈՒՅՔՆԵՐ

  ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ աշխարհում գնաճային ֆոնի պայմաններում նկատվում է տոկոսադրույքների աճ, սակայն Հայաստանում թե ավանդների, և թե վարկերի մասով էական փոփոխություններ չեն դիտարկվել: Ըստ այդմ՝ բանկերի կողմից տրամադրված վարկերի տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 1.4%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.8%-ով՝ կազմելով 13.6%: Դոլարով վարկերի տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0.2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0.1%-ով՝ կազմելով 8.6%:

  Բանկերի կողմից ներգրավված ավանդների տոկոսադրույքները ՀՀ դրամով 2022թ-ի հունիսին 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է 0,2%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ նվազել է 0,8%-ով՝ կազմելով 9,6%: Դոլարով ավանդների տոկոսադրույքները 2021թ-ի դեկտեմբերի համեմատ նվազել է 0,1%-ով, իսկ նախորդ տարվա հունիսի համեմատ՝ 0,4%-ով՝ կազմելով 3,7%:

 

ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԹՈՂԱՐԿՎԱԾ ԱՐԺԵԹՂԹԵՐ ԵՎ ԱՐԺԵԹՂԹԵՐՈՒՄ ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ

  Հաշվետու ժամանակահատվածում բանկային համակարգի կողմից թողարկված արժեթղթերի պորտֆելը կազմում է 376 մլրդ դրամ, արժեթղթերում ներդրումները՝ 1.3 տրլն դրամ:

 

ՇԱՀՈՒՅԹ

  Անդրադառնալով շահութի ցուցանիշին՝ ՀԲՄ գործադիր տնօրենը նշեց, որ  ընթացիկ տարվա առաջին կիսամյակում համակարգն ունեցել է 111 մլրդ դրամի շահույթ Սեյրան Սարգսյանը նշեց, որ շահույթի ցուցանիշին անդրադառնալիս՝ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել մի շարք կարևոր հանգամանքների։

  «Վերջին տարիներին առերեսվելով մի շարք մարտահրավերների՝ բանկային համակարգում շահույթի մակարդակը մշտապես եղել է էապես ցածր մակարդակում։ Սովորաբար մեր բանկային համակարգում շահույթի ընդունելի մակարդակը ցածր է եղել բանկային համակարգում ներդրողների համար ընդունելի շահութաբերության մակարդակից։ Թեև տարիներ շարունակ համակարգը գրանցել է կայուն և շարունակական աճ՝ համալրելով կապիտալն ու ակտիվները, կապիտալի շահութաբերության ցուցանիշը բացարձակ արժեքով էապես չի բարձրացել։ Հետևաբար՝ նախորդ տարիներին ստացված շահույթը համակարգի մեծացման դեպքում պետք է բացարձակ արժեքով ևս մեծանար։  

  Աշխարհի զարգացող երկրներում կապիտալի վերադարձելիության ցուցանիշը սովորաբար ավելի բարձր է լինում քան զարգացած երկրներում, մասնավորապես՝   ԱՄՆ և Եվրոպական երկրներում։  Վերջին 15 տարիների ընթացքում  Հայաստանի բանկային համակարգի   կապիտալի վերադարձելիության ցուցանիշը համադրելի է ԱՄՆ և ԵՄ երկրների կապիտալի վերադարձելիության միջին ցուցանիշի հետ, մինչդեռ պետք է էապես բարձր լիներ, որպես զարգացող երկրի բանկային համակարգ։ Օրինակ, հարևան Վրաստանում նախորդ տարեվերջին կապիտալի շահութաբերության մակարդակը 245% էր, իսկ Հայաստանում՝ 95%։

  Ինչպես արդեն նշեցինք՝ հաշվետու ժամանակահատվածում վարկային ներդրումների աճն էական չի եղել, տոկոսադրույքներն ու տոկոսային եկամուտները  ևս էապես չեն փոխվել և հիմնականում մեծացել են ոչ տոկոսային եկամուտները։  Կիսամյակի կտրվածքով շահույթի նման ցուցանիշը պայմանավորված է նաև իրենց տնտեսական շահի կենտրոնը Հայաստան տեղափոխած ոչ ռեզիդենտների կողմից բացված շուրջ 20 հազար հաշիվների, Հայաստան այցելած շուրջ 600 հազար զբոսաշրջիկներին մատուցված ծառայությունների հանգամանքով։ Մեր գնահատմամբ՝ այս ամենը պայմանավորված է ստեղծված իրավիճակով և կրում է ժամանակավոր բնույթ»,- նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:

 

 

ԲԱՆԿԵՐԻ ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐ ԵՎ ՀԱՇԻՎՆԵՐ

  Ասուլիսի շրջանակում բանախոսները ներկայացրել են նաև  կիսամյակային ամփոփ տվյալներ բանկերի հաճախորդների, հաշիվների և քարտերի, ինչպես նաև փոխանցումների և համակարգի կողմից վճարված հարկերի վերաբերյալ։

  2022թ-ի հունիսին բանկերի հաճախորդների թիվը 2021թ-ի դեկտեմբերի համեմատ ավելացել է` 123 214-ով կամ 3.6%-ով, մասնավորապես՝ ֆիզ. անձինք ավելացել են  107 802-ով (3.3%), իրավաբանական անձինք՝  15 412-ով (13.4%):

  Ընթացիկ տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ ՀՀ առևտրային բանկերը սպասարկում են ֆիզիկական և իրավաբանական անձանց թվով 6 մլն 987 հազար հաշիվներ: 2022թ-ի հունիսին հաճախորդների հաշիվներն ավելացել են՝ 300 459-ով (4.5%): Ֆիզ. անձանց հաշիվներն ավելացել են՝ 263 699-ով (4.1%), իրավաբանական անձանց հաշիվները՝ 36 760-ով (14.2%): Հիշեցնենք, որ եթե մեկ հաճախորդը հաշիվներ ունի մեկից ավելի բանկերում, ապա նույնքան անգամ ներառվում է հաճախորդների թվի մեջ։

  ՀԲՄ գործադիր տնօրենի տեղակալ Արման Սարգսյանը հիշեցրեց, որ Հայաստանում այսօրվա դրությամբ ներկայացված են բոլոր միջազգային վճարային համակարգերը։

  Հաշվետու ժամանակահատվածում  վճարային քարտերի քանակը կազմել է  2 798 236, որը 2021թ-ի համեմատ ավելացել է 95 579-ով (3.5%): Վճարային քարտերով կատարվել է 84 006 823 գործարք, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ` ավելացել է 40.1%-ով: Վճարային քարտերով գործարքների ծավալը կազմել է 1 970 756 մլն ՀՀ դրամ, որը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 26.4%-ով:

  ՀԲՄ գործադիր տնօրենի դիտարկմամբ՝ հատկանշական է, որ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պահպանվել է անկանխիկ գործարքների քանակական և ծավալային աճը: Մասնավորապես՝ անկանխիկ գործարքների քանակն աճել է 50.9%-ով՝ կազմելով 56 520 485,    ծավալն ավելացել է  35.8%-ով՝ կազմելով 603 964 մլն դրամ:

   «Անխանխիկ կատարվող գործարքների ծավալային և քանակական  շարունակական աճի դինամիկան փաստում է, որ աստիճանաբար նախապատվությունը տրվում է անկանխիկ գործարքներին։ Հետևաբար, հուլիսի 1-ից ուժի մեջ մտած «Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի նոր կարգավորումները պարզապես արագացրեցին բնական կերպով ընթացող գործընթացը։ Ըստ այդմ, ակնկալվող արդյունքն էլ, որն էապես դրական կերպով անդրադանալու է երկրի տնտեսության վրա, էլ ավելի արագ տեսանելի կլինի»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրենը:

  ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է 38.4%-ով, ծավալը՝ 23.8%-ով:

  ՀՀ բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքներն արտասահմանում ավելացել են 78.2%-ով, գործարքների ծավալը՝ 98.7%-ով:

 Արտասահմանյան բանկերի կողմից թողարկված քարտերով գործարքները ՀՀ-ում 2022թ-ի 1-ին կիսամյակում 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել են 30.1%-ով, ծավալը՝ 8.4%-ով:

  2022թ-ի հունվար-հունիս ժամանակահատվածում արտասահմանից ստացումների ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 922 մլն դոլարով կամ 97.3%-ով: Արտասահման կատարված փոխանցումների ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 326 մլն դոլարով կամ 57.7%-ով: ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2021թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 596 մլն դոլարով կամ 155.6%-ով:

  Անդրադառնալով բանկերի կողմից վճարվող հարկերի թեմային՝ Արման Սարգսյանը տեղեկացրել է, որ առաջին կիսամյակում ՀՀ բանկերը շուրջ 10%-ով ավելացրել են պետական բյուջե վճարված հարկերը։   Մասնավորապես՝ 2022թ-ի հունվար-հունիս ամիսների ընթացքում ՀՀ 16 առևտրային բանկերի կողմից վճարված ընդամենը հարկերը նախորդ տարվա (17 առևտրային բանկ) նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել ՝ շուրջ 2 831 մլն դրամով կամ 9.4%-ով, իսկ ուղղակի հարկերը՝ շուրջ 2 830 մլն դրամով կամ 11%-ով:

  Առևտրային բանկերի ընդամենը վճարած հարկերի միջինը 2022թ-ի հունվար-հունիս ամիսներին 2 055 մլն դրամ, ավելի քան 3 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 701 մլն դրամ, իսկ շահութահարկի և եկամտահարկի միջինը` 1 792 մլն դրամ, 8 անգամ գերազանցում է մնացած կազմակերպությունների միջինը, որը կազմել է 224 մլն դրամ:

  Ասուլիսի ավարտին բանախոսները պատասխանել են նաև լրագրողների հարցերին:

 

ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն