Union of Banks of Armenia

The Union is the legal entity non-commercial organization and its goal is to present the corporate interests of its members.

ՀՀ առևտրային բանկերի աջակցությունը Արցախի դպրոցներին

23.08.2021
ՀՀ առևտրային բանկերի աջակցությունը Արցախի դպրոցներին

  Հայաստանի բանկերի միության պատվիրակության այցը Արցախի Հանրապետություն մեկնարկեց Ստեփանակերտի Եղբայրական հուշահամալիր այցով:

  Աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի բանկերի միության պատվիրակությանն ընդունել է Արցախի Հանրապետության պետական նախարար Արտակ Բեգլարյանը։ Պետական նախարարը պահանջված է համարել Արցախի կողքին գտնվելու Հայաստանի բանկերի առաքելությունն՝ ընդգծելով, որ Արցախը հիմա, առավել քան երբևէ, ունի համայն հայության աջակցության կարիքը ոչ միայն խոսքով ու գործով, այլ նաև հաճախակի այցելություններով:

  Ընդգծելով արդյունավետ համագործակցության կարևորությունը՝ Հայաստանի բանկերի միության գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը վերահաստատել է վերջինիս ընդլայնմանն ուղղված նոր նախաձեռնություններին ու ծրագրերին մասնակցելու պատրաստակամությունը։

  «Բանկերը մշտապես իրենց ակտիվ մասնակցությունն են ունեցել Արցախի Հանրապետության կառավարության կողմից իրականացվող բոլոր ծրագրերին, որոնք վերաբերում են տնտեսությանը և ֆինանսական ոլորտին: Անհրաժեշտ աջակցություն ցուցաբերվել է նաև այլ նախաձեռնությունների շրջանակում: Նոր ուսումնական տարվա նախաշեմին բանկերի կողմից որոշում կայացվեց աջակցություն ցուցաբերել Արցախի դպրոցներին և նվիրաբերել համակարգչային տեխնիկա, այդպիսով նպաստելով ուսումնական գործընթացի բարելավմանն ու արդյունավետության բարձրացմանը: Հայ ազգի մտավոր ներուժը եղել է ու կմնա երկրի զարգացման հիմնական նախադրյալը։ Եվ այսօր առավել քան երբևէ անհրաժեշտ է ստեղծել բոլոր հնարավոր պայմանները նոր սերնդի որակյալ և ժամանակակից պահանջներին բավարարող կրթությունն ապահովելու համար։ Նոր սերունդը պետք է ստանա ապագայի կրթություն՝ գիտակցելով, որ նաև իրենից է կախված երկրի զարգացումն ու գլոբալ աշխարհի մաս դառնալը»,–նշել է Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ նմանօրինակ նախաձեռնությունները կրելու են շարունակական բնույթ:

  Պետական նախարարի հետ հանդիպման շրջանակներում քննարկվել են նաև հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները, այդ թվում՝ դպրոցահասակ տարիքի երեխաների և մեծահասակների ֆինանսական գրագիտության բարձրացմանն ուղղված ծրագրերի իրականացման հետ կապված հարցեր:

  ԱՀ պետական նախարարի  հետ հանդիպման ավարտին, ՀԲՄ պատվիրակությունը հանդիպում է ունեցել նաև դպրոցների տնօրենների հետ:  Ցուցաբերված աջակցության ծրագրով շուրջ 3900 աշակերտ ունեցող Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտունիի և Մարտակերտի թվով 15 դպրոցներին նվիրաբերվել է 48 համակարգիչ, 11 բազմաֆունկցիոնալ սարք և 7 տպիչներ: