Union of Banks of Armenia
Հայաստանի բանկերի միությունն ամփոփել է համակարգի առաջին եռամսյակի ցուցանիշները
Այսօր ՀԲՄ-ում կայացած մամլո ասուլիսի շրջանակում ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը ներկայացրեց բանկային համակարգի 2021թ․ առաջին եռամսյակի ամփոփ ցուցանիշները՝ անդրադառնալով նաև համակարգի գործունեությանն առնչվող մի շարք այլ հարցերի։
2021թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր կապիտալն ավելացել է շուրջ 17 մլրդ դրամով կամ 1.8%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ աճել է շուրջ 51 մլրդ դրամով կամ 5.9%-ով:
«Աճը հիմնականում պայմանավորված է նրանով, որ նախորդ տարվա իրադարձությունների համատեքստում բանկերի շահույթներից և սեփականատերերի կողմից միջոցներ են ուղղվել կապիտալի ավելացման ուղղությամբ՝ ապահովելով լրացուցիչ բուֆերներ նախորդ տարվա մարտահրավերներին դիմակայելու և դրանք հաղթահարելու համար»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը:
2021թ.-ի առաջին եռամսյակում ընդհանուր ակտիվներն աճել են շուրջ 15 մլրդ դրամով կամ 0.2%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ՝ 752 մլրդ դրամով կամ 12.7%-ով:
Վարկային ներդրումները 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 64 մլրդ դրամով կամ 1.5 %-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել շուրջ 265 մլրդ դրամով կամ 6.9%-ով: Առևտրային բանկերի ընդհանուր վարկային պորտֆելի 49%-ը (2 028 մլրդ դրամ) տնտեսությանը տրված վարկերն են, 41%-ը՝ (1 683 մլրդ դրամ) ֆիզանձանց վարկերը և 10%-ը՝ (429 մլրդ դրամ) այլ ֆինանսական կազմակերպություններին տրված վարկերն են և նրանցից ներգրավված ավանդները: Վարկային պորտֆելի նվազումը պայմանավորված է նաև վարկերի ներումներով և դուրսգրումներով:
Վարկերի կառուցվածքի պատկերից հստակ երևում է, որ բանկային վարկավորման ծավալներն ավելացել են հիմնականում այն ոլորտներում, որոնք իրենց հերթին ապահովել են տնտեսական ակտիվության աճ։
Անդրադառնալով ընդհանուր վարկերում դրամով և արտարժույթով վարկերի մասնաբաժնին՝ Ս․Սարգսյանը տեղեկացրեց, որ առաջին եռամսյակի տվյալներով դրանց մասնաբաժինը հավասարվել է՝ 50%-ը դրամային վարկերն են, 50%-ը՝ արտարժութային:
Անդրադառնալով վարկային պորտֆելում չաշխատող վարկերի խնդրին՝ ՀԲՄ գործադիրը տնօրենը նշեց, որ այս ցուցանիշը գտնվում է կառավարելիի սահմաններում:
«Այս ցուցանիշը տատանվող է և ներկայում գտնվում է 7.1 %-ի շրջանակներում: Պետք է նշել, որ եղել են ժամանակներ, երբ ավելի բարձր ցուցանիշ է գրանցվել: Եթե այն դիտարկենք այլ երկրների համապատասխան ցուցանիշի հետ համադրության մեջ, ապա կտեսնենք, որ մեզ մոտ չաշխատող վարկերի ծավալը բավականին ցածր է: Այս փաստը պայմանավորված է նաև բանկերի կողմից տրամադրված էական թվով վարկային արձակուրդներով և վերանայումներով»,-նշել է Սեյրան Սարգսյանը:
2021թ-ի առաջին եռամսյակում ընդհանուր պարտավորությունները նվազել են շուրջ 2 մլրդ դրամով կամ 0.02%-ով, իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել 13.9%-ով:
Ընդհանուր ավանդները 2021թ-ի առաջին եռամսյակում նվազել են շուրջ 7 մլրդ դրամով (0.2%-ով), իսկ 31.03.2020թ.-ի համեմատ ավելացել շուրջ 173 մլրդ դրամով կամ 4.9%-ով:
«Ինչպես երևում է ամսական տատանումների գրաֆիկից՝ Հայաստանում նախորդ տարի համավարակի, այնուհետև պատերազմի պայմաններում գրանցվել են ոչ մեծ ծավալի տատանումներ, իսկ ահա տարեկան կտրվածքով ընդհանուր պորտֆելում արդեն ունենք 4.9% աճ»,-նշել է Սեյրան Սարգսյանը:
2021թ-ի առաջին եռամսյակի ընթացքում բանկայի համակարգն ապահովել է 19.4 մլրդ դրամի շահույթ, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ նվազել է շուրջ 3.9 մլրդ դրամով կամ 16.9%-ով:
Մշտապես հանդիսանալով նաև տնտեսության շարժիչ ուժ՝ բանկային համակարգը տերացտարի մեծացնում է նաև իր միջնորդական գործունեության մակարդակը, որն ի դեպ համադրելի է եվրապական զարգացած երկրների բանկային համակարգերի միջնորդական գործունեությանը։ Ինչպես փաստում են ստորև ներկայացված ցուցանիշները՝ բանկային համակարգի դերակատարումը տնտեսության զարգացման և ուժեղ պետություն ունենալու հարցում տարեցտարի մեծացել է:
ՔԱՐՏԵՐ
Մամլո ասուլիսի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև վճարային քարտերով իրականացված գործարքներին:
2021թ.-ի առաջին եռամսյակում բանկերի կողմից թողարկված քարտերի քանակն ավելացել է 50.918-ով՝ կազմելով է 2 մլն 547 519:
Հաշվետու ժամանակահատվածում վճարային քարտերով կատարվել է 28 մլն 440 226 գործարք, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 44.6 %-ով: 2020թ. առաջին եռամսյակի համեմատ 15.9%-ով ավելացել է նաև վճարային քարտերով գործարքների ծավալը՝ կազմելով 746 668 մլն դրամ:
«Նախորդ տարվանից, մասնավորապես մարտ ամսից սկսած, նկատելի է, որ անկանխիկ գործարքների քանակը գերազանցել է կանխիկ գործարքներին։ Մասնավորապես՝ անկանխիկ գործարքների քանակը կազմել է 17 995 639, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ աճել է 73.5%-ով: Կանխիկ գործարքների քանակը հաշվետու ժամանակահատվածում կազմել է 10 444 587»,-նշել է ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը՝ հավելելով, որ անկանխիկ գործարքների ծավալը կազմել է 232 324 մլն դրամ, որը 2020թ-ի առաջին եռամսյակի համեմատ ավելացել է 55 740 մլն դրամով կամ 31.6%-ով:
ՓՈԽԱՆՑՈՒՄՆԵՐ
Ասուլիսի շրջանակներում ներկայացվեցին նաև տվյալներ բանկային համակարգի միջոցով ֆիզանձանց փոխանցումների վերաբերյալ:
Մասնավորապես՝ 2021թ-ի 1-ին եռամսյակում արտասահմանից ստացումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 52 մլն դոլարով կամ 14.7%-ով: Արտասահման փոխանցումների ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 10 մլն դոլարով կամ 3.9%-ով:
2021թ-ի 1-ին եռամսյակում ֆիզ. անձանց փոխանցումների (զուտ ներհոսքի) ծավալը 2020թ-ի նույն ժամանակահատվածի համեմատ ավելացել է շուրջ 42 մլն դոլարով կամ 47.7%-ով:
ՀԲՄ գործադիր տնօրեն Սեյրան Սարգսյանը պատասխանել է նաև լրագրողների հարցերին:
ՀԲՄ հասարակայնության հետ կապերի ծառայություն